ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
13.05.2011 | 00:00

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Թուրքական գործոնն ավելի ու ավելի կարևոր է դառնում Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակում։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը շահագրգռված չեն Թուրքիայի դիրքերի ուժեղացմամբ ո՛չ այս, ո՛չ էլ մեկ այլ տարածաշրջանում։ Բայց ԱՄՆ-ն ու Ռուսաստանն աշխատում են իրենց խաղը խաղալ Թուրքիայի հետ, մտադրություն ունենալով թուրքական գործոնը դարձնել սեփական քաղաքականության ռեսուրս, ընդ որում, հասկանալով, որ Թուրքիան բավականին խոշոր և ուժեղ պետություն է, և նրա մարտավարությամբ ու ռազմավարությամբ խաղալն անիմաստ բան է։ Թուրքիայի առնչությամբ ամերիկյան և ռուսական քաղաքականության միակ համարժեք ուղղությունը նրա էքսպանսիայի զսպումն է։ Միաժամանակ, ԱՄՆ-ը Թուրքիայի նոր նախաձեռնությունները, որոնք կարող էին հանգեցնել Ռուսաստանի հետ նրա ընդհարմանը, պատկերացնում է ավելի առճակատումային, իսկ Ռուսաստանը շարունակում է խաղեր տալ հենց Թուրքիայի հետ, հուսալով, որ հեռանկարում Թուրքիան, միևնույն է, հաշվի է նստելու իր շահերի հետ։ Առայժմ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համոզված են, թե հաջողվում է Թուրքիային հսկողության տակ պահել կովկասյան ուղղությունում, ինչը պատրանք է։ Թուրքիան հասկանում է, որ իր աշխարհաքաղաքականության գլխավոր նպատակը Մերձավոր Արևելքն է, որտեղ էլ լուծվելու է նեոօսմանիզմի հարցը, և նախընտրում է Կովկասում առճակատման մեջ չմտնել մի շարք պետությունների հետ։ Հնարավոր է, որ այդ իրավիճակը բավական երկար տևի, եթե մերձավորարևելյան խաղը Թուրքիան ներքաշի ավելի երկարատև քաղաքական մանևրների մեջ, բայց կարելի է նաև հնարավոր համարել, որ թուրքական ջանքերը Կովկասում կդառնան ավելի համառ։ Այսպես թե այնպես, Ադրբեջանը չի կարող բավարարված լինել Թուրքիայի քաղաքականությամբ և, բացի հրապարակային ճառերից, իր գլխավոր գործընկերոջն ավելի էական պահանջներ է ներկայացնում։ Ի՞նչ է սա նշանակում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի առումով։ Ադրբեջանը հասկացել է, որ մոտ ժամանակներս Անկարայից ազդանշան կամ թույլտվություն չի ստացվի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, թուրք զինվորականները ղարաբաղյան երկրորդ պատերազմը համարում են անհեռանկար և հասկանում են, որ ինչպես էլ սկսվի և առաջին փուլում մղվի նոր պատերազմը, այն հազիվ թե սահմանափակվի տեղական ընդգրկումով. Ադրբեջանն ընտրության առջև է. կամ բանակցություններում համաձայնել էական զիջումների, որոնք նշանակում են Ղարաբաղի լեռնային մասի կորուստ, կամ վճռել վերսկսել մարտական գործողություններն առանց Թուրքիայի հետ պատշաճ համաձայնության։ Այսինքն, դա նշանակում է պատերազմի մեջ ներքաշել տարբեր պետությունների։ Ընդհանուր առմամբ, դա լիովին համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ազգային շահերին, որոնք հույսեր են կապում աշխարհաքաղաքական իրադրության արմատական փոփոխման հետ, ինչը հնարավոր կդառնա միայն տարածաշրջանում մեծ պատերազմի դեպքում։ ՈՒստի ժամանակի ընթացքում (գուցե և ավելի շուտ, քան կարող է թվալ) Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան տարածաշրջանում մեծ պատերազմ սանձազերծելու շուրջ, նպատակ ունենալով այդ պատերազմի մեջ ներքաշելու նաև Թուրքիային, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։ Այս ամենն այնքան քիչ է հավանական, որ նման դատողությունները դատապարտված են անհաջողության, սակայն ամեն ինչ կախված է դատողությունների տրամաբանությունից և ողջախոհության մասին պատկերացումներից։ Բայց սա հնարավոր սցենարներից մեկն է միայն` Հայաստանի դեմ Վրաստանի և Ադրբեջանի համատեղ գործողությունների առումով։ Հիմա հարցը ոչ այնքան Ադրբեջանի, որքան Վրաստանի մասին է, որն արդեն ցուցադրել է վա բանկ գնալու իր ընդունակությունը` հանրության կողմից քաղաքական ղեկավարության արկածախնդրական գործողությունների գերակշիռ պաշտպանության պայմաններում։
Անտարակույս, Վրաստանը կցանկանար, որ Հայաստանը պարտվեր Ադրբեջանի հետ պատերազմում` հույսեր փայփայելով, թե Ռուսաստանը կմիջամտի այդ պատերազմին։ Ռուսաստանի մասնակցությունը, անշուշտ, կհանգեցնի Թուրքիայի մարտական գործողությունների սկսմանը, և միայն մեկ քայլ կմնա պատերազմին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջամտությանը։ Իհարկե, դա չի նշանակում Ռուսաստանի ուղղակի պատերազմական ընդհարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, բայց Վրաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի զորքերը մուտք կգործեն Հարավային Կովկաս, և կստեղծվի նոր իրավիճակ։ ՈՒստի Վրաստանը պետք է հնարավոր ամեն ինչ անի Ադրբեջանի հետ պատերազմի ծագման դեպքում Հայաստանի շրջափակման համար, եթե դա անգամ հղի լինի պատերազմի մեջ ներքաշվելու վտանգով։ Ընդ որում, ոչ ոքի մեջ կասկած չի մնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման դեպքում Վրաստանը կփորձի կատարել հայաբնակ շրջանների էթնիկ զտում, հայ բնակչության արտաքսում Վրաստանից։ Համենայն դեպս, ակնհայտ է դարձել, որ Վրաստանն ադրբեջանական զորքերին թույլ կտա անցնել իր տարածքով` Հայաստանին հարված հասցնելու համար։ Դա, անկասկած, կհանգեցնի հայ-վրացական պատերազմի։ Վրաց ղեկավարները, հնարավոր է, գուշակում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խորապես ափսոսում է, որ երկիրն անմասն թողեց վրաց-ռուսական պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը կողքից էր հետևում, թե ինչպես է Վրաստանը ցեղասպանական գործողություններ կատարում բնակչության նկատմամբ։ Հայաստանն ինքը, լինելով ցեղասպանության զոհ, այդպես էլ չհամարձակվեց պաշտպանել օսերին դաժան փորձության ժամին։ Հայաստանի այդ վարքագիծը հանգեցրեց նրան, որ նա կորցրեց առանց այդ էլ ոչ այնքան ամուր քաղաքական դիրքերը տարածաշրջանում։ Մինչդեռ 2008-ի ամռանը Հարավային Կովկասում և ավելի լայն տարածությունում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխման իրական հնարավորություն էր առաջացել։
Հարկ է նշել, որ պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունը չի ենթադրում ռազմական ուժի գործադրում` հարևանների հետ հարաբերությունների ճշտման ժամանակ։ Հարևան պետությունների` Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի հետ առկա խնդիրները ենթադրում են միայն քաղաքական, բայց ոչ ռազմական լուծում։ Այսպիսով, վրացական զինված ուժերի առջև, կարծես, հարևան երկրների հետ ունեցած խնդիրների ռազմական լուծման առաջադրանք դրված չէ։ Սակայն Վրաստանի ներկա ղեկավարության, ավելի շուտ, հասարակական-քաղաքական ավելի լայն շրջանակների համար առկա պետական փաստաթղթերը ոչ մի նշանակություն չունեն։ Եթե Ռուսաստանը հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտպանությունից ու հովանավորումից, ապա վրացական զինված ուժերը, թերևս, փորձեն այդ խնդիրները լուծել պատերազմի միջոցով։ Համարվում է, որ զինված ուժերի ենթադրվող թվակազմը հնարավորություն կտա լուծելու տարածքային ամբողջականության այդ խնդիրը։ Վրացական բանակային սպայակազմի և երկրի ԱԺ պատգամավորների շրջանում պաշտպանության նախարարությունից բխող խոսակցություններ կան, թե հնարավոր է, որ վերանայվեն երկրի ռազմական դոկտրինը և այն խնդիրները, որոնք կարող են դրված լինել զինված ուժերի առջև։ Խոսքը զինված ուժերի ենթադրյալ հեռանկարային թվակազմի կառուցվածքի և խնդիրների մասին է։
Տեղեկություններ կան, որ Վրաստանի ավելի բարձրակարգ զինված ուժերի ստեղծման նախաձեռնողը երկրի նախագահն ու պաշտպանության նախարարն են` ԱՄՆ կատարած այցի ժամանակ, և դա, իբր, արժանացել է Պենտագոնի ղեկավարության հավանությանը (սակայն սա չի հաստատվում)։ Մինչև հիմա երևի տեղի են ունեցել միայն բանակցություններ որոշակի թեմայի շուրջ։ Պետդեպում կամ Անվտանգության խորհրդում այդ նախաձեռնության քննարկման մասին տեղեկություն չկա։ Վրաստանի կառավարության տնտեսական բլոկի ղեկավարներն այդ ծրագրերն անիրագործելի են համարում, եթե դրանք հիմնվում են միայն պետբյուջեի միջոցների վրա։ Այդ ծրագրերը կարող են իրականացվել միայն արտաքին ռազմական օգնությամբ, ինչն այժմ կասկածի է առնվում։ Բայց, այդուամենայնիվ, Վրաստանի ղեկավարները շարունակում են երկրի ռազմականացումը։ Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի անհատական աշխատանքի ծրագրում նման մտադրություններ չկան։ Այդ ծրագրում նախատեսվում է ստեղծել ավելի համեստ մեծության զինված ուժեր։ Դրանք խնդիր ունեն պաշտպանելու ազգային տարածքը, պետսահմանները, օդային տարածությունը և առաջնահերթ կարգով միջազգային նշանակության հաղորդուղիները։ Կարծիք կա, որ, այնուամենայնիվ, ավելի նշանակալի մեծության ռազմական շինարարության վերաբերյալ Վրաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությունը համաձայնեցված է Պենտագոնի ղեկավարության հետ։ Նախ` կարելի է ենթադրել, որ վրացական զինված ուժերին կվերապահվեն այլ, ավելի էական առաջադրանքներ։ Երկրորդ` դա համապատասխանում է Վրաստանի ղեկավարների քաղաքական հավակնություններին։ Երրորդ` այդ նախաձեռնությունները կարող են կապված լինել Հարավային Կովկասում և ամբողջ Արևելյան Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի խնդիրների հետ։ Վարկած կա, որ այդ նախաձեռնությունը կապված է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) նորմատիվներն ու սկզբունքները չեզոքացնելու, Արևելյան Եվրոպայում պաշտպանական նոր իրողություններ ստեղծելու ԱՄՆ-ի ձգտման հետ, ինչն իր հերթին կապված է Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի վերատեղաբաշխման ծրագրերի հետ։ Վրաստանի Ազգային ժողովում չափավոր ընդդիմության ճամբարի պատգամավորներն այն կարծիքն են հայտնում, թե այդ նախաձեռնությունը կապված է զինվորական հրամանատարության ապօրինի եկամուտներն ավելացնելու ցանկության հետ։ Այդ ծրագրերի ու խնդիրների միջոցով Վրաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է մեծացնել ռազմական բյուջեն և բարելավել զինծառայողների կենսապայմանները։
Հնարավոր է նաև, որ ռազմական շինարարության վերաբերյալ Վրաստանի նախաձեռնությունները թելադրված են նրանով, որ հարևան պետությունները` Հայաստանն ու Ադրբեջանը, մտադիր են էլ ավելի մեծացնելու իրենց ռազմական կարողությունը, ինչի պատճառով Վրաստանը ռազմական ոլորտում լրջորեն հետ կմնա։ Հնարավոր է` բոլոր այդ տվյալները հաշվի են առնվել համատեղ։ Ի՞նչ ծավալի հարձակողական խնդիրներ կարող է նախատեսել ԱՄՆ-ը վրացական զինված ուժերի համար, դժվար է ասել։ Համենայն դեպս, ԱՄՆ-ը շահագրգռություն չի ցուցաբերում Վրաստանի զինված ուժերը որևէ ձևաչափի պատերազմի մեջ ներքաշելու հարցում։ Բայց սպառազինությունների մրցավազքն ունի իր տրամաբանությունը և զարգացման օրինաչափությունը որպես գործընթացի։
Իրանական ուղղությամբ հաղորդակցական ենթակառուցվածքների կառուցումը թեև հաջողությամբ իրականացվում է, բայց դեռ ավարտված չէ։ Իրանը մտադիր է բազմակողմանի օգնություն ցուցաբերել Հայաստանին` Ադրբեջանի հետ պատերազմի և նրան Թուրքիայի օժանդակության դեպքում, և կասկած չկա, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի հանդեպ այդ ենթադրյալ գործողությունները համարում է ռազմավարության մաս։ Այդուամենայնիվ, առաջիկա երկու-երեք տարում Հայաստանի պաշտպանության և կենսագործունեության համար վրացական հաղորդուղիների նշանակությունը կպահպանվի։ Հայաստանը չի կարող հանգիստ նայել, թե Վրաստանն ինչպես է պատրաստվում հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ իր մտադրությունների իրականացմանը։ Վրացական ուղղությամբ Հայաստանի ռազմական նախապատրաստական աշխատանքները բացահայտորեն անբավարար են և կարիք ունեն ոչ միայն զգալի համալրման, այլև բուն հայեցակարգի վերանայման։ Երկու ճակատով պատերազմը երևակայության արդյունք չէ, սա միանգամայն հնարավոր է, և Հայաստանի խնդիրն է ոչ թե սոսկ նախապատրաստվել պատերազմի այդ վարկածին, այլև կանխել նման սցենարը, համոզելով Վրաստանին, որ նա վերջնական ազգային աղետի կենթարկվի, եթե վնաս հասցնի Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը։
Վրացական ուղղությունում կան մի շարք քաղաքական ու քարոզչական խնդիրներ, որոնք ոչ ոք չի լուծում։ Դա, առաջին հերթին, հարաբերությունների պահպանումն է քաղաքականապես ակտիվ խմբերի և ամբողջ վրաց հասարակության հետ, որին անհրաժեշտ է բացատրել, թե որքան վտանգավոր են Վրաստանի հնարավոր մտադրությունները, անգամ երկու ճակատով Հայաստանի պատերազմի սցենարի դեպքում։ Այդ խնդիրների լուծումը միանգամայն հնարավոր է։ Վրաց հասարակությունը, ընդհանուր առմամբ, շահագրգռված չէ որևէ պատերազմով, անգամ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների լուծումը չի դիտվում պատերազմական գործողությունների տեսանկյունից։ Դրա հետ մեկտեղ, վրացական ներկա վերնախավը (ոչ միայն գործող իշխանությունը, այլև էպիկուրյան մտածելակերպի ամեն տեսակի «քաղաքական նախագծողները») միանգամայն ընդունում է «հայերին իրենց տեղը ցույց տալու» գործելակերպը և կարծում է, որ պետք է օգտվել հայերի ու ադրբեջանցիների գզվռտոցից ջավախահայերի և, առհասարակ, վրացահայերի հարցն ընդմիշտ լուծելու համար։ Վրաստանի ներկա կառավարող խմբավորումը կորցնելու բան չունի, և նա այդ իրողությունը շատ լավ է հասկանում։ Ապագայում ներկա աշխարհառազմավարական, ավելի ճիշտ տարանցման-սպասարկման գործառույթի հետագա հրատապության ապահովումը փաստական խաղաղ գոյակցության պայմաններում անհնար է, թեև Վրաստանի արտաքին գործընկերներն ամենևին շահագրգռված չեն Վրաստանի հետ կապված որևէ ռազմական հակամարտությամբ։ Վրաստանը, ավելի քան Ադրբեջանը, հակված է դրականորեն արձագանքելու իրական դիմակայությանը, հնարավոր հակառակորդի ակնհայտ պաշտպանական հնարավորություններին, քանի որ Ադրբեջանը դեռևս իսկական ռազմական պարտություն չի զգացել։ ՈՒստի կանխարգելիչ միջոցառումները շատ ավելի արդյունավետ են, քան արդեն կատարված իրադարձությունների «հետևից ընկած» ռազմական խնդիրների լուծումը։
Ներկայումս Վրաստանի ու Ադրբեջանի միջև առարկայական և քիչ թե շատ պաշտոնական պայմանավորվածություն չկա Հայաստանի հետ հնարավոր պատերազմի կապակցությամբ։ Ավելի շուտ, Վրաստանը չի դիմի Ադրբեջանի հետ նման պայմանավորվածության առանց Թուրքիայի որոշակի մասնակցության։ Բայց Թուրքիայի մասնակցությունն էլ այդ համաձայնություններին կարող է միաժամանակ և՛ վախեցնել, և՛ զգուշացնել Վրաստանին, որը հազիվ թե ցանկանա ամբողջովին ներգրավվել թուրք-ադրբեջանական դաշինքի ուղեծրում։ Ինչքան էլ վրացիները բարձրագոչ խոսեն թուրքերի հետ իրենց բարեկամության մասին, միևնույն է, նրանք երկյուղում են Թուրքիայից և հասկանում են, որ վաղ թե ուշ, մնալով ներկա աշխարհաքաղաքական վիճակում, Վրաստանը կընդգրկվի առավելապես Թուրքիայի վերահսկողության գոտում, քանի որ սա է ենթադրում նեոօսմանիզմի դոկտրինը։ Վրացիները սպասողական դիրք կբռնեն, առավելագույն վնաս պատճառելով Հայաստանին, հուսալով, որ ժամանակի ընթացքում դա կմոռացվի, իսկ եթե հայերը պարտություն կրեն, կնախընտրեն գործի դնել իրենց զինված ուժերը, հնարավոր է, հուսալով մի ինչ-որ սակարկություն անել Ռուսաստանի հետ։ ՈՒստի վրացիները ոչ մի պատրանք չպետք է ունենան այս առումով, ընդ որում, անհրաժեշտ է արդեն հիմա նրան ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս ամենը բարդ խնդիր է, բայց միանգամայն իրագործելի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ